Ռուսաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում խուզարկություն է տեղի ունեցել. Նավալնին բերման է ենթարկվել (տեսանյութ)

14:39 • 26.12.19

Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում խուզարկություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:

Հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարկվել:

Խուզարկության ժամանակ հիմնադրամի գրասենյակում շուրջ 40 մարդ է եղել: Հիմնադրամի անդամ Լեոնիդ Վոլկովը կարծում է, որ հենց մարդաշատ լինելն է պատճառ հանդիսացել, որ «խուզարկությունը կատարվի հենց այդ ժամանակ և առգրավվի հնարավորինս շատ տեխնիկա»:

Վոլկովը նշել է նաև, որ երեք ամսվա մեջ առաջին անգամ արգելափակվել է նաև բանկային քարտը, որով հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում:

Նշվում է, որ խուզարկել են նաև «Навальный LIVE» ստուդիան, որը հիմնադրամի հետ գտնվում է նույն հարկում:

2019 թվականի օգոստոսից Նավալնու հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցված՝ փողերի լվացման մեղադրանքով: