Վանա լճում Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. կան զոհեր (լուսանկար, տեսանյութ)
Ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող Վանա լճում Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել, որի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, հայտնում է BBC լրատվականը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի (Երևանի ժամանակով` 04:00) սահմաններում: Տեղեկություններ չկան, թե ինչու և ինչպես են ներգաղթյալները հայտնվել Վանա լճում:
Նահանգապետարանի տեղեկություններով` նավակը խորտակվել է լճի հյուսիսային մասում:
Փրկվել է 64 մարդ, որոնք անհապաղ տեղափոխվել են հիվանդանոց: Տեղում փրկարարները մահացած են հայտնաբերել 5 հոգու, իսկ ահա երկուսը հիվանդանոցում են մահացել:
Թուրքիան Եվրոպա փոխադրվելու հիմնական ուղին է ներգաղթյալների համար, որոնցից շատերը փախչում են իրենց սեփական երկրներում տիրող բռնությունից ու հալածանքներից: Շատերն ապավինում են մաքսանենգներին և հայտնվում են վտանգավոր ցամաքային և ծովային ճանապարհներին, ինչն էլ հաճախ մահվան է հանգեցնում:
Թուրքիան արդեն հասցրել է իր հարկի տակ ընդունել 3,7 միլիոն սիրիացի փախստականի:










