ԵՊՀ-ն նոր ռեկտորի կարիք է զգում. ընտրության հարցն օրհասական է. ԵՊՀ ՈՒԽ նախագահ

12:27 • 26.12.19

Ես մտահոգություն ունեմ ԵՊՀ ռեկտորի՝ «ժամանակավոր պաշտոնակատար» կարգավիճակի վերաբերյալ: Բուհն այսօր զգում է ԵՊՀ նոր ռեկտորի ընտրության կարիք:

Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին հայտարարեց խորհրդի անդամ, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի հայտարարությանը, թե հաջորդ տարվա հունվար ամսին կքննարկվի ռեկտորի ընտրության հարցն ու կհայտարարվի մրցույթ, ընտրություններն էլ կկայանան մարտին:

«Արդեն մոտենում է ԵՊՀ-ի նախորդ ռազմավարական ծրագրի ավարտը՝ 2016-2020 թթ., և բուհը շուտով պետք է մշակի իր հաջորդ հնգամյա ռազմավարական պլանը, որը պետք է ներկայացվի ամռան ընթացքում, ու այդ ամենի նախապատրաստական աշխատանքներով, կարծում եմ, պետք է զբաղվի մի մարդ, որն իրեն պատկերացնում է ռեկտորի մանդատը ստացած և առաջիկա 5 տարիներին բուհի ճակատագիրը որոշողի կարգավիճակում»,-ասաց Ափոյանը՝ նշելով, թե ռեկտորի ընտրության հարցն օրհասական է համարում բուհի համար:

Նա առաջարկեց խորհրդի նիստին քննարկել նաև ռեկտորի ընտրության հարցը՝ ընդգծելով, թե դրան խանգարում են միայն որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք կարող են արագ լուծվել խորհրդի անդամ իրավաբանների օգնությամբ: «Կհասկանանք՝ ինչպես է կազմակերպվում ընտրությունը, և մրցույթ կհայտարարենք: Կարծում եմ՝ ժամանակը բուհի զարգացման օգտին չի ընթանում, պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք ժամանակը»,-նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը համաձայնեց, որ բուհի ռեկտորի ընտրության կազմակերպման աշխատանքները պետք է սկսել, բայց իր կարծիքով՝ այդ աշխատանքները հանպատրաստից անելու դեպքում հնարավոր է՝ իրավական խնդիրներ ու բացթողումներ լինեն: Նա խնդրեց այս պահին հարցն օրակարգում չներառել:

Ափոյանը հակադարձեց, թե ինքը ծանոթացել է ընթացակարգին, և իր կարծիքով՝ միայն տեխնիկական հարցեր կան, և հետաձգելու անհրաժեշտություն չկա:

Հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունների հարցն օրակարգում չներառվեց: