Բրյուս Լիի դուստրը հայց է ներկայացրել Չինաստանում արագ սննդի ցանցի դեմ
Դերասան Բրյուս Լիի դուստրը՝ Շենոն Լին, դատի է տվել Real KungFu արագ սննդի ցանցին՝ հոր կերպարն ապօրինի կերպով օգտագործելու համար, գրում է The Independent-ը:
Նշվում է, որ Շենոն Լին Bruce Lee Enterprises-ի անունից պահանջում է Չինաստանում հայտնի արագ սննդի ցանցին փոխհատուցել վնասը, որը նա գնահատում է 210 մլն յուան՝ ավելի քան 30 մլն դոլար:
Ինչպես գրում է Bloomberg-ը, այս դեպքը կարող է որոշակի թեստ լինել չինական իշխանությունների համար, որոնք խոստացել են ուժեղացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը:
Ըստ ԶԼՄ-ների` Շանհայի դատարանն ընդունել է Շենոն Լիի հայցը: Դերասանի դուստրը պահանջում է անհապաղ դադարեցնել հոր կերպարի օգտագործումը։
Real KungFu-ի լոգոտիպի վրա պատկերված է դեղին սպորտային կոստյումով և մուգ վարսերով տղամարդ՝ քունգ ֆուի վարպետի կեցվածքով, որը նման է Բրյուս Լիին:
Արագ սննդի ցանցը, հինգշաբթի պատասխանելով մեղադրանքներին, հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները վաղուց թույլ են տվել օգտագործել լոգոտիպը:
«Մենք շփոթված ենք, որ մեզ տարիներ անց են դատի տալիս: Մենք ուսումնասիրում ենք դեպքը և պատրաստվում ենք պատասխանել»,- ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Weibo չինական հարթակում:
Արագ սննդի ցանցը հիմնվել է 1990 թվականին: Անցյալ տարի այն ներառվել է Չինաստանի 10 լավագույն արագ սննդի ցանցերի շարքում:











