Հայտնի են դարձել Ալմաթիում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները
Քննությունն Ալմաթիում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառ է համարում տեխնիկական անսարքությունն ու օդաչուների սխալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Ղազախստանի փոխվարչապետին հղումով:
Bek Air ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից առաջ երկու անգամ պոչով հարվածել է թռիչքուղուն, որի հետևանքով աջ է թեքվել: Այս մասին ասվում է Ալմաթիի օդանավակայանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է օդանավակայանի Facebook-ի էջում:
«Bek Air ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից առաջ երկու անգամ պոչով հարվածել է թռիչքուղուն, որից հետո այն թեքվել է աջ... Հետաքննությանը ներգրավվել են Միջազգային ավիացիոն կոմիտեի մասնագետները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:
Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները կմեկնեն դեպքի վայր: Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:
Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:










