«Մենք չգիտենք` ուր է Fokker-100-ը». հրապարակվել է Ալմաթիում ինքնաթիռի օդաչուների հետ բանակցությունների ձայնագրությունը
Ղազախստանում կործանված Fokker-100 օդանավի օդաչուները պատրաստվում էին թռիչքի սովորական ռեժիմի: Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը, գրում է ren.tv-ն:
Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես են դիսպետչերները թույլ տալիս ինքնաթիռին դուրս գալ թռիչքուղի, իսկ օդաչուները պատրաստվում են թռիչքին:
«Բոլորիդ լավ օր»,- ասում է օդաչուն:
«Բարի ճանապարհ»,- պատասխանում է օդանավակայանի աշխատակիցը։
Դրանից հետո դիսպետչերը թռիչքուղի դուրս գալ պատրաստվող մեկ այլ ինքնաթիռի օդաչուներին հայտնել է, որ չի կարողանում պարզել Fokker-100-ի գտնվելու վայրը:
«Մենք չգիտենք` ուր է Fokker-100-ը»,- ասում է նա:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:
Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները կմեկնեն դեպքի վայր: Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:
Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:










