«Ֆիլմն այլևս երբեք նույնը չի լինի». Թրամփն արձագանքել է Կանադայում «Տանը միայնակ 2» ֆիլմի ցուցադրությունից իր մասնակցությամբ դրվագի հեռացմանը

12:10 • 27.12.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է լուրին, համաձայն որի կանադական СВС հեռուստաալիքով «Տանը միայնակ 2» ֆիլմը ցուցադրվել է` առանց իր մասնակցությամբ դրվագի, գրում է Insider-ը:

«Ֆիլմն այլևս երբեք նույնը չի լինի (կատակում եմ)»,- գրել է նա Twitter-ում:

Թրամփը նաև կատակով հաստատել է որոշ ԶԼՄ-ների վարկածը, որոնք ենթադրում են, որ դրվագի հեռացումը կապված է եղել իր և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև լարված հարաբերությունների հետ:

Այս շաբաթ ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել առ այն, որ կանադական հեռարձակող CBC ընկերությունը «Տանը միայնակ 2» ֆիլմի ցուցադրությունից հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ դրվագը:

Ավելի վաղ հեռուստաալիքը հաստատել էր, որ Թրամփի մասնակցությամբ ֆիլմի դրվագը հեռացրել է դեռ հինգ տարի առաջ՝ կրճատված հեռուստատեսային տարբերակի համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ էր համարել «Տանը միայնակ 2» ֆիլմում իր մասնակցությունը:

«Շատերն ամեն տարի խոսում են այդ մասին, առավելապես սուրբծննդյան օրերին: Հատկապես երեխաներն ասում են. «Ես Ձեզ տեսել եմ ֆիլմում»: Նրանք ինձ չեն տեսնում հեռուստատեսությամբ ճիշտ այնպես, ինչպես տեսնում են ֆիլմում: Դա լավ ֆիլմ է, և ես, մեղմ ասած, երիտասարդ էի: Ինձ համար մեծ պատիվ էր»,- չորեքշաբթի ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

1992 թվականին նկարահանված «Տանը միայնակ 2: Նյու Յորքում կորածը» ֆիլմը «Տանը միայնակ» ֆիլմի շարունակությունն է։ Պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 14-ին։ Ֆիլմը պատմում է փոքրիկ հերոս Քևինի մասին, որը հայտնվում է Նյու Յորքում։ Հսկայական քաղաքում նա միայնակ է, սակայն անում է սրտի ուզածը։ Նրա հին «ընկերներ» Հարին և Մարվը, սակայն, փորձում են խոչնդոտել նրա զվարճանքը։ Հանցագործները նոր են դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էին Քևինի ջանքերով։ Բանտում անցկացրած ժամանակահատվածի համար նրանք ամեն կերպ ցանկանում են վրեժ լուծել դեռահասից։

Ֆիլմում Թրամփը հանդես է եկել փոքրիկ դրվագում: Նա օգնում է մոլորված Քևինին՝ հուշելով, թե ինչպես գնալ հյուրանոցի նախասրահ: Ամբողջ դրվագը տևում է մոտ 10 վայրկյան: