Վարորդը 1 տարում 9 տուգանային միավորները սպառելուց հետո 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից. ի՞նչ կարգավորումներ են նախատեսվում 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բալային համակարգի ներդրմամբ

15:58 • 27.12.19

2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բալային համակարգի ներդրումը պայմանավորված է յոթ օրենսդրական ակտերի ընդունմամբ: Այս մասին 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր անձ, որն ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք՝ վարորդական վկայական, ստանում է 9 տուգանային միավոր: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամիս ժամկետով:

«Այդ ժամկետի կեսը լրանալուց հետո այդ անձը օրենքի ուժով իրավունք կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Տեսական քննություն չհանձնելու դեպքում 6 ամիսը լրանալուց հետո օրենքի ուժով, առանց որևէ քննության վերականգնվում է նրա վարելու իրավունքը»,- ասաց Չիլինգարյանը՝ նշելով, որ երկրորդ անգամ իրավունքը վերականգնվելու պահին կրկին տրվում է 9 միավոր:

«Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում արդեն անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով, և այդ դեպքում ժամկետի կեսը լրանալուց հետո տեսական քննությամբ իրավունքները վերականգնելու հնարավորություն չկա, և ժամկետի ավարտից հետո իրավունքը վերականգնելու համար անձը ստիպված կլինի հանձնել ամբողջական քննություն՝ վարորդական վկայական ստանալու համար»,- ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը:

Նրա խոսքով՝ որոշ բալեր վերականգնելու հնարավորություն կա. եթե սպառված բալերի մնացորդային նիշը հասել է 3 և պակաս բալերի, անձն իրավունք ունի իր ցանկությամբ հանձնել տեսական քննություն և ավելացնել իր ունեցած բալերին 2 բալ:

Չիլինգարյանը հայտնեց նաև, որ որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն:

«Եթե անձն սպառել իր տուգանային միավորները, և նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում, և այդ որոշումից հետո նա վարել է տրանսպորտային միջոց, ապա նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Քրեական պատասխանատվություն է նաև վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում: Առաջին անգամ՝ վարչական պատասխանատվություն, երկրորդ անգամ՝ քրեական»,-ասաց նա:

Չիլինգարյանի խոսքով՝ 2020թ. հունվարի 1-ից տուգանային միավորներ կիրառվելու են միայն տեսանկարահանման և լուսանկարահանման համակարգով արձանագրված իրավախախտումների պարագայում, իսկ ճանապարհային ոստիկանների կողմից իրավախախտումների արձանագրման պարագայում՝ միայն տուգանային միավորների մասով, օրենքն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից:

Չիլինգարյանը հայտնեց նաև, որ կան իրավախախտումներ, որոնց դեպքում նախկին տուգանքի փոխարեն կիրառվում է միայն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում:

«Օրինակ՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր կամ կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելու դեպքում նախկին 100 000 դրամի փոխարեն կկիրառվի վարորդական իրավունքից զրկում՝ 1 տարի ժամկետով»,-ասաց Արման Չիլինգարյանը:

Նա ներկայացրեց նաև իրավախախտումների համար նախատեսված տուգանքներում եղած փոփոխություններն ու տուգանային միավորները:

Այսպիսով՝

·    4 տուգանային միավոր է նախատեսվում 51-80 կիլոմետր ժամով արագությունը գերազանցելու համար, տուգանքը նախկին 200 000 դրամի նվազեցվել է 29 000 դրամ,

·    եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում ավելի ծանր պատասխանատվություն նախատեսող հոդվածի հատկանիշներ, տուգանքի չափը 150 000 դրամից դառնում է 29 000 դրամ, և նախատեսվում է 4 տուգանային միավոր. փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2020թ. սեպտեմբերի 1-ից,

·    տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելու դեպքում 100 000 դրամի փոխարեն նախատեսվում է 25 000 դրամ տուգանք և 3 տուգանային միավոր, ուժի մեջ կմտնի 2020թ. սեպտեմբերի 1-ից,

·    տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով հոսքին հակառակ ուղղությամբ վարելու դեպքում նախատեսված 20 000 դրամ տուգանքը պահպանվել է, և ավելացել է ևս 3 տուգանային միավոր,

·    հանդիպակաց գոտի դուրս գալու տուգանքը 30 000 դրամի փոխարեն դառնում է 25 000 դրամ, և ավելանում է 3 տուգանային միավոր: