Ռուսաստանում Մոսկվա-Թբիլիսի երթուղին սպասարկող ավտոբուս է վթարվել. զոհեր և տուժածներ կան
ՌԴ Լիպեցկի շրջանում ավտովթարի է ենթարկվել Մոսկվա-Թբիլիսի երթուղիով շարժվող ավտոբուսը: РИА Новости-ն, հղում տալով տեղի արտակարգ իրավիճակների ծառայություններին, հայտնել է, որ պատահարի հետևանքով զոհվել է 2 ուղևոր:
Ավտոբուսը, որում ընդհանուր թվով 19 մարդ է եղել, որոնցից 2-ը վարորդ, իսկ 17-ը ուղևորներ, Վրաստանի քաղաքացիներ են: Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ ավտոբուսը սայթաքուն ճանապարհից դուրս է եկել և ընկել առուն:
Հաղորդվում է, որ 9 մարդ տուժել է, որոնց թվում նաև 2014-ին ծնված երեխա, որին տեղափոխել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 5 մարդ, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 3-ը՝ միջին ծանրության:
Վրացական կողմն արդեն իսկ 2 ավտոբուս է ուղարկել Ռուսաստան՝ Վրաստանի քաղաքացիներին տեղափոխելու համար: Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:










