«Պատրաստի՛ր ձեռնոցները». Ալեքսանդր Եմելյանենկոն ընդունել է Ռամզան Կադիրովի մարտահրավերը (տեսանյութ)
Հայտնի մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն ընդունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մարտահրավերը, որը նրան մենամարտի էր հրավիրել: Այս մասին տեղեկացնում է Комсомольская правда պարբերականը:
Մարզիկը շատ լուրջ է ընդունել քաղաքական գործչի խոսքերը և տեսանյութով դիմել է Կադիրովին:
«Ես ուրախ եմ ողջունելու քեզ, իմ թանկագին ընկեր Ռամզան: Ես այստեղ համացանցում տեսա, որ դու ինձ մենամարտի՞ ես կանչում: Ես ընդունում եմ քո առաջարկը: Ես պատրաստ եմ քեզ հետ ռինգ դուրս գալ: Կանոնների և մենամարտի անցկացման վայրի ընտրությունը ես թողնում եմ քեզ, իմ թանկագին ընկեր: Պատրաստի՛ր ձեռնոցները, Ռամզա՛ն: Կմենամարտենք, կքարոզենք սպորտ և առողջ ապրելակերպ»,- տեսանյութում ասում է Եմելյանենկոն:
Երևում է` և՛ Կադիրովը, և՛ Եմելյանենկոն լուրջ են տրամադրված: Չեչնիայի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր, որ մարտահրավերը կատակ չէ:
Դեկտեմբերի 21-ին Ռամզան Կադիրովը տեսանյութ էր հրապարակել, որով դիմել էր հայտնի մարզիկին: Նա նշել էր, որ վերջին ժամանակներս նորաձև է դարձել Եմելյանենկոյին մարտահրավեր նետելը: Չեչեն առաջնորդը նույնպես հետ չի մնացել և մարտահրավեր է նետել մարզիկին: Իր մտադրության լրջությունը նա հաստատել էր՝ ներկայացնելով իր մարտավկաներին:
Հիմա Կադիրովին մնացել է ընտրել մենամարտի անցկացման վայրը, ժամանակն ու կանոնները: Ընտրությունը պետք է երկու տարբերակների միջև լինի` բռնցքամարտ կամ խառը մարտարվեստ:










