Ղազախստանում դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր է հայտարարվել

15:32 • 27.12.19

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ-Տոկաևը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է vlast.kz կայքը:

«Նախագահ Քասիմ Ժոմարտ-Տոկաևը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ Ալմաթիի մոտակայքում ինքնաթիռի կործանման զոհերի»,-Facebook-ում գրել է Տոկաևի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:

Ավելի ուշ հրապարակվել է համապատասխան հրամանագիրը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել է հիվանդանոց: 

Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել: 

Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ:  Հանձնաժողովի անդամները կմեկնեն դեպքի վայր: Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:

Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի: