Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել է Bek Air ավիաընկերության գործունեությունը (լուսանկարներ)
Ղազախական Bek Air ավիաընկերության գործունեությունը դադարեցվել է՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը:
Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթի օդանավը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Ալմաթիի քաղաքապետարանի վերջին հայտարարության համաձայն` ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 14 մարդ, տուժել է 35-ը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:
Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները կմեկնեն դեպքի վայր: Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:
Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:












