Չեռնոգորիայի խորհրդարանում արցունքաբեր գազ են կիրառել, բերման են ենթարկել ընդդիմադիր բոլոր պատգամավորներին
Չեռնոգորիայում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատ» շարժման ամբողջ կազմին: Այս մասին այսօր հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Սլավեն Ռադունովիչը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, գրում է ТАСС-ը:
Ավելի վաղ երկրի խորհրդարանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր շարժման պատգամավորներին բռնի ուժով դուրս էին արել նիստերի դահլիճից: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի կողմից «Դավանանքի ազատության մասին» օրինագծի վերջնական տարբերակին կողմ քվեարկելուց հետո նիստերի դահլիճում արցունքաբեր գազ էր կիրառվել:
Ընդդիմության առաջնորդ Անդրիա Մանդիչը կոչ էր արել խորհրդարանի խոսնակին դադարեցնել նիստը և պատգամավորներին հնարավորություն տալ օրինագծի վերաբերյալ առաջարկները քննարկել: Խոսնակ Իվան Բրայովիչը հրաժարվել էր նիստը հետաձգել հաջորդ օրվան և փոփոխություններից յուրաքանչյուրն ուսումնասիրել առանձին: Դրա փոխարեն նա քվեարկության էր դրել 3 փոփոխություններ, որոնք ձայների մեծամասնությամբ չէին ընդունվել: Դրանից հետո խորհրդարանի նիստը դադարեցվել էր:
Ավելի վաղ Չեռնոգորիայի նախագահը Սերբական ուղղափառ եկեղեցուն մեղադրել էր երկրում կրոնական մենիշխանություն պահպանելու փորձի մեջ և հայտնել, որ հասնելու է «Չեռնոգորիայի եկեղեցու» ինքնավարացմանը՝ Ուկրաինայի օրինակով:










