Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հունվարի 1-ից չեղարկել գազի վերաբերյալ փոխադարձ պահանջները
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հունվարի 1-ից չեղարկել գազի վերաբերյալ փոխադարձ պահանջները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Պայմանավորվել ենք այն մասին, որ հունվարի 1-ից չեղարկվում են բոլոր փոխադարձ պահանջները, կհանվեն ունեցվածքների կալանքները, որոնք դրվել են դատական հայցերի հիման վրա կայացված որոշումները հաշվի առնելով»,-նշել է Նովակը:
Վերջնական որոշում չունեցող դատական հայցերից հրաժարման պայմանավորվածությունը դարձել է գազային համագործակցության արձանագրության մի մասը, որը Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրել են դեկտեմբերի 20-ին:
Փաստաթղթի համաձայն` «Գազպրոմը» գազի տարանցման համար միջօպերատորական համաձայնագիր կկնքի ուկրաինական օպերատորի հետ, իսկ «Նավթագազի» հետ կկնքվի պայմանագիր՝ գազի փոխադրման համար հզորությունների ամրագրման վերաբերյալ:
Ենթադրվում է, որ հաջորդ տարի կամրագրվեն հզորություններ 65 միլիարդ խորանարդ մետր գազի տարանցման համար, իսկ 2021-2024 թվականներին՝ 40 միլիարդ խորանարդ մետրի համար՝ ստեղծելով մրցակցային սակագին:
Ինչ վերաբերում է իրավաբանական տարաձայնությունների լուծմանը, «Գազպրոմը» համաձայնել է «Նավթագազին» վճարել 2,9 միլիարդ դոլար՝ համաձայն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի արդեն կայացրած որոշման, իսկ ուկրաինական կառավարությունը պետք է հաշտության պայմանագիր կնքի «Գազմպրոմի» հետ՝ 7,4 միլիարդ դոլարի հակամենաշնորհային պահանջներից հրաժարվելու մասին:










