Շաքարային դիաբետ, ամնիոնի գերջրակալում և սրտի հետ կապած խնդիրներ. Չինաստանում 62-ամյա կինը, չնայած հիվանդություններին, առողջ որդի է լույս աշխարհ բերել
Չինաստանի Հունան նահանգի Սյանտան քաղաքային շրջանում 62-ամյա կինն առողջ որդի է լույս աշխարհ բերել, հայտնում է AsiaOne տեղեկատվական պորտալը:
Տան ազգանունով կինը ծննդաբերել է դեկտեմբերի 20-ին, կեսարյան հատման միջոցով: Նրա որդին կշռում է 2,95 կգ:
Կինը հղիանալու որոշում էր կայացրել վեց տարի առաջ` 31-ամյա որդու մահվանից հետո: Նա հղիացել է արտամարմնային բեղմնավորման շնորհիվ:
Հղիության ընթացքը բարդություններով է ուղեկցվել: Հոկտեմբերի վերջին կնոջը հոսպիտալացրել էին որովայնի շրջանում հաճախակի կրկնվող ցավերի պատճառով: Հետազոտության ընթացքում վերջինիս մոտ բացահայտել էր հիվանդությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև` գեստացիոն շաքարային դիաբետ, ամնիոնի գերջրակալում և սրտի հետ կապած խնդիրներ:
Տեղացի բնակիչները շնորհավորել են Տանին ընտանիքում համալրման կապակցությամբ և նրան «սուպերկին» անվանել: Շատերն էլ կասկած են հայտնել` արդյոք նա կկարողանա երեխային արժանի դաստիարակություն տալ:










