Գերմանիայում տրամվայի վարորդը կորցրել է գիտակցությունը, և ուղևորները ստիպված են եղել իրենք կանգնեցնել տրանսպորտային միջոցը

13:14 • 28.12.19

Գերմանական Բոնն քաղաքում տրամվայի վարորդը կորցրել է գիտակցությունը, և ուղևորները ստիպված են եղել իրենք կանգնեցնել տրանսպորտային միջոցը, գրում է General Anzeiger-ը: 

Տրամվայը երթուղի էր դուրս եկել գիշերը: Գիշերը ժամը մոտ 1-ի սահմաններում ուղևորները զգացել են, որ ինչ-որ բան այն չէ. տրամվայը դադարել է կանգ առնել կանգառներում: Նրանք փորձել են կապվել մեքենավարի հետ, սակայն ոչ ոք չի պատասխանել:

Բազմաթիվ փորձերից հետո` կապվել մեքենավարի հետ, երկու քաղաքացի կոտրել է մեքենավարի խցիկի ապակին ու տեսել նրան անգիտակից վիճակում:

Մյուս ուղևորները կապվել են տրանսպորտային ընկերության հետ, որին պատկանում է տրամվայը: Հեռախոսով նրանց բացատրել են` ինչպես կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

Ոչ ոք լրջորեն չի տուժել, իսկ մեքենավարի վատ ինքնազգացողության պատճառը չի նշվում:

Բոննի քաղաքապետն ուղևորներին հերոսներ է անվանել: