ՄԱԿ-ի փորձագետը հայտարարել է, որ հոգեբանական կտտանքների պատճառով Ջուլիան Ասանժի կյանքին վտանգ է սպառնում 

22:43 • 29.12.19

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվում, որոնք վտանգ են ներկայացնում նրա կյանքի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի կտտանքների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:

Փորձագետը հիշեցրել է, որ մայիսին բժիշկների հետ այցելել էր Ասանժին Մեծ Բրիտանիայի մեկուսարանում: Նրա խոսքով՝ Ասանժի մոտ «հոգեբանական փորձությունների կլինիկական հետևանքներ են նկատվել», և որոշակի ճանաչողական գործառույթներ դեռ այն ժամանակ խախտված են եղել:

Մելցերն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ասանժի նկատմամբ 24-ժամյա հսկողություն է սահմանված, և այդ «սթրեսային գործոնը նրան չափազանց խոցելի է դարձրել»: Բացի այդ, մասնագետը նշում է, որ նրա դատավարական իրավունքները պարբերաբար խախտվում են, և նա չի կարողանում խոսել իր ամերիկացի փաստաբանների հետ: