Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում երկրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել` ավտոբուսի մասնակցությամբ. կա նվազագույնը 23 զոհ
Եգիպտոսի հյուսիում` Պորտ-Սաիդ և Դումյաթ քաղաքների միջև գտնվող մայրուղում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է նվազագույնը 23 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աշխատանքից տուն վերադարձող տեղացի բանվորներին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի: Պարզվում են վթարի պատճառները:
Մեկ օրվա ընթացքում սա Եգիպտոսում տեղի ունեցած երկրորդ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն է: Ավելի վաղ վթարվել էր զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել էր, այդ թվում` 3 արտասահմանցի: Ավելի քան 24 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:
Ավտոբուսի մեջ եղել են զբոսաշրջիկներ Հնդկաստանից, Մալայզիայից և Չինաստանից: Տրանսպորտային միջոցը Կահիրեի և Հուրգադայի միջև միջազգային ավտոմայրուղու վրա բախվել էր բեռնատարի:










