Դանակահարություն` Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ. ոստիկանները հայտնաբերել են անչափահասներին դանակահարած կասկածյալներին. Shamshyan.com

20:20 • 29.12.19

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:45-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ է տեղափոխվել 2 տղա երեխա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 16-ամյա Սամվել Դ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի առաջային մակերեսի և աջ բազկի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 17-ամյա Շահեն Մ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի քունքային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Վերջիններս հիվանդանոցում, ըստ բժիշկների հայտարարության, եղել են վիրահատարանում, և հնարավոր չի եղել կատարվածի մասին բացատրություն տալ:

Մարտունու ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տաք հետքերով պարզել են, որ վերջիններիս հետ վիճաբանել են Մարտունի քաղաքի բնակիչներ, 20-ամյա Նաիրի Մարտիրոսյանը, 20-ամյա Նարեկ Սամվելյանը և 21-ամյա Սամվել Ավետիսյանը: Վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը տեղի է ուեցել Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ և Ն. Մարտիրոսյանն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Սամվել Դ.-ին և Շահեն Մ.-ին:

Կասկածյալներ Ն. Մարտիրոսյանը, Ն. Սամվելյանը և Ս. Ավետիսյանը ներակայացել են ոստիկանության Մարտունու բաժին: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մարտունու բժշկական կենտրոնի բժշիկների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: