Կորեացիներն ամերիկացի դեսպանի բեղերը վիրավորանք են համարել իրենց երկրի համար

16:20 • 30.12.19

Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Հարի Հարիսը ստիպված է եղել հրապարակայնորեն բացատրել բեղեր աճեցնելու իր որոշումը` այն պատճառով, որ կորեացիները դա վիրավորանք են համարել իրենց երկրի համար, գրում է The Telegraph-ը:

«Զինվորական սպայից դիվանագետ դառնալու կապակցությամբ ցանկանում էի փոփոխություն մտցնել իմ կյանքում: Փորձեցի ավելի բարձրահասակ դառնալ՝ չստացվեց, փորձեցի երիտասարդանալ, բայց դա էլ չստացվեց: Կարող էի բեղեր աճեցնել, և դա ստացվեց»,- Հարիսի խոսքը մեջբերում է պարբերականը:

Հաղորդվում է, որ Հարիսը դեսպան է նշանակվել 2018 թվականի ամռանը: Մինչ այդ, նա 40 տարի ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում: Հարիսն ամերիկացի նավաստու և Ճապոնիայի քաղաքացուհու որդի է, որը ծնվել է Տոկիոյից ոչ հեռու:

Նրա բեղերը կորեացիներին դուր չեն եկել այն պատճառով, որ 1905-1945 թվականներին Կորեական թերակղզին կառավարած բոլոր ութ ճապոնացի գեներալ-նահանգապետները նույնպիսի բեղեր են ունեցել:

Քննադատություններից խուսափելու համար բեղերը սափրելու առաջարկից նա հրաժարվել է: