Ռեստորանից՝ զորամասեր․ ամանորյա անակնկալ զինվորների համար (տեսանյութ, լուսանկարներ)

13:10 • 30.12.19

Ամանորին մնացել է ընդամենը 2 օր, մենք հանգիստ սրտով պատրաստվում ենք գալիք տոներին եւ ապահովության զգացումով մասնակցում նախատոնական խնջույքների, քանի որ վստահ ենք՝ մեր հայրենիքի սահմանը հուսալիորեն պաշտպանված է։ Իրենց գործը լավագույնս անող, մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելու, նրանց մեկ օրը տոնական դարձնելու ակնկալիքով MBG Hospiatlity ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանը և ընկերության մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 26-ին այցելեցին Արցախի Հանրապետության ՊԲ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամաս, շրջայց կատարեցին մարտական հենակետում և ծանոթացան ծառայության անցկացման պայմաններին:

Ստորաբաժանումների բոլոր զինվորներին հանդիպելուց հետո տեղում դաշտային պայմաններում բացօթյա խոհանոց պատրաստելով ընկերության աշխատակիցները զինվորների համար հենց դիրքերում պատրաստել են տոնական սեղանի զարդ համարվող հայկական խորոված, տոլմա, քյուֆթա և այլ կերակրատեսակներ:

«Մեր ազգային բանակով հպարտանալու շատ առիթներ եմ ունեցել: Մի ամբողջ օր վայելեցի մարտական հերթապահություն իրականացնող խրոխտ ու ոգով ամուր զինվորների ու հրամանատարական կազմի հետ անցկացրած ժամանակս»,- մեզ հետ զրույցում նշեց ընկերության հիմնադիր տնօրենը:

Ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեն մեզ հետ զրույցում պատմեց, որ նախաձեռնությունը ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանինն է եղել, նա ընկերության աշխատակիցներին առաջարկել է տարվա ամենագլխավոր տոնն այլ կերպ նշանավորել, հրաժարվել կորպորատիվ երեկույթից և սահմանապահ զինվորի հետ տոնել Ամանորը: Գաղափարը դրվել է քվեարկության և անցել միաձայն: «Մեր ընկերությունն այդպիսինն է. բարձրաձայն հնչած ցանկացած լավ մտքի հեղինակ միանգամից համախոհներ է գտնում, և ծրագիրն արագ իրագործվում է»,- նշեց Սալոմեն:

Հայկական խոհանոցի այդ կերակուրները դիրքերում տաք համտեսելուց զատ զինվորներն ընկերության աշխատակիցներից ստացան նվեր փաթեթներ, որոնց մեջ քաղցրավենիք, պահածոներ և երշիկեղեն էր: «Նվեր փաթեթի մեջ ներառված ցանկացած բան ընտրել էինք հաշվի առնելով մեր ընկերության զինծառայություն անցած աշխատակիցների խորհուրդը ՝ պահածո, քաղցրավենիք՝ շոկոլադ, թխվածքաբլիթներ, երշիկեղեն, թեյ, սուրճ, կոմպոտ և այլն»:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրականություն դարձրին այս նախաձեռնությունը՝ Սևակ Ասրյանին ու Սուրեն Սարումյանին՝ մեր խանդավառությունը կիսելու և օգնելու մեծ պատրաստակամության համար, և, իհարկե, լեգենդար գնդապետ Կարեն Ջալավյանին ջերմ հյուրընկալության համար:

Դիրքերում տաք խորոված ուտելու հաճույքը գուցե ոչինչ է այն մտքի դեմ, որ մենք հասել էինք դիրքեր՝ հենց իր մասին մտածելով: Ես դա զինվորի աչքերում տեսա:

Թող 2020 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ և շատ ավելի ուրախ ու երջանիկ պահեր, շնորհավորում եմ բոլորիս գալիս Ամանորի կապակցությամբ»,-շնորհավորական խոսքում ասել է Կարեն Մարգարյանը: