Կրասնոյարսկում լքված շունը մոտ երեք ամիս ճամփեզրին սպասում է իր տիրոջը (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում` Կուսկուն գյուղի մերձակայքում, սպիտակամորթ շունը երեք ամիս ճամփեզրին սպասում է տիրոջը, հայտնի է դառնում «ВКонтакте» սոցիալական կայքից:
«Կանսկ-Կրասնոյարսկ մայրուղում` Կուսկունի մոտակայքում, մի շուն է բնակվում: Երևում է` նրան ինչ-որ մեկը ճանապարհին է թողել: Այստեղ արդեն երեք ամիս է ապրում»,- հայտնել է անանուն օգտատերը:
Շանը «Կուսկունի Հաչիկո» անունն են տվել և նրա կողքին «Ուշադրություն: Շունը տիրոջն է սպասում» գրությամբ մի ցուցանակ են տեղադրել:
Անցնող մեքենաները կանգնում են` կենդանուն կերակրելու համար: Հրապարակված լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ տեղացի բնակիչներն անօթևան շան համար ծածկ են պատրաստել: Քանի որ կենդանին շատ վախկոտ է և խուսափում է մարդկանցից, ծրագրվում է նրան քնաբեր ներարկել, որպեսզի հնարավոր լինի կացարան տեղափոխել:















