Թաթարստանի նախագահը մեքենա է նվիրել Ղրղզստանի նախկին նախագահի կնոջը
Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը մեքենա է նվիրել Ղրղզստանի կալանավորված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջը՝ Ռաիսային: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Աթամբաևի հիմնած Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը:
Այն բանից հետո, երբ Աթամբաևի զինակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բաժանվել է երկու մասի. մի մասը հավատարիմ է մնացել նախկին նախագահին և ակտիվորեն հանդես է գալիս Աթամբաևի աջակցության կոչերով, երկրորդ մասն աջակցություն է հայտնում ներկայիս իշխանություններին:
«Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, տեսնելով Ռաիսա Աթամբաևայի լուսանկարը հասարակական տրանսպորտում, նրան է նվիրել ներկայացուցչական դասի մեքենա` ապահովելով նաև վարորդի աշխատավարձը և մեքենայի սպասարկման բոլոր ծախսերը»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից:
Ըստ կուսակցության մամուլի ծառայության` Աթամբաևան երախտագիտության խոսքեր է հղել Թաթարստանի նախագահին` իր մարդկայնության և աջակցության համար: Նա նշել է, որ ժողովրդական աջակցությունն իրեն «ուժ և հույս է տալիս»:
2017 թվականին Ղրղզստանի խոշորագույն խորհրդարանական կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Աթամբաևն ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնը զիջել է իր մերձավոր դաշնակից Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմակիցների նկատմամբ սկսեցին քրեական գործեր հարուցվել: Աթամբաևին սկսեցին մեղադրել ծանր հանցագործությունների համար: Անձամբ Աթամբաևը բազմիցս հայտարարել է, որ իր և իր քաղաքական կողմնակիցների նկատմամբ հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում:










