Հոլանդացի քաղաքական գործիչը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթ է անցկացրել՝ զայրացնելով մուսուլմաններին

15:26 • 30.12.19

Հոլանդացի քաղաքական գործիչ Գրիթ Ուիլդերսը, որը հայտնի է հակաիսլամական դիրքորոշմամբ, Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վիճահարույց մրցույթ է հայտարարել:

Ինչպես նշում է The Independent-ը, քաղաքական գործիչն այս մասին գրել է թվիթերյան էջում՝ հետևորդներին կոչ անելով մուսուլմանների համար սրբազան մարգարեի ծաղրանկարներն իրեն ուղարկել:

«Խոսքի ազատությունը պետք է գերակա լինի բռնության և իսլամական ֆաթվաների նկատմամբ»,-ասել է Ուիլդերսը:

Ավելի ուշ նա մի ծաղրանկար է հրապարակել՝ հայտարարելով, որ մրցույթն ավարտված է: Ուիլդերսն ընդգծել է, որ մրցույթի նպատակն էր հանրության ուշադրությունը դեպի խոսքի ազատությունը գրավելը:

Մուսուլմանները քննադատել են մրցույթը՝ նշելով, որ այն սադրիչ բնույթ էր կրում և վիրավորել է իրենց կրոնական զգացմունքները: