Ներկայացվել է Ալմաթիի մոտակայքում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման ևս մի վարկած

14:32 • 30.12.19

Ղազախական Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը կարող է դրանից մի րոպե առաջ մեկնած Airbus օդանավի թողած «օդային հետքը» լինել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ավիաընկերության թռիչքային ծառայության տնօրեն Էրիկ Սապարովի հայտարարությանը:

Ավելի վաղ Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը հայտնել էր, որ քննությունն այժմ ավիավթարի պատճառների երեք նախնական վարկած է դիտարկում, որոնք են` օդաչուների սխալը, տեխնիկական անսարքությունները կամ նավիգացիոն ծառայության աշխատանքը: 

«Ենթադրյալ պատճառներից մեկն «օդային հետքն» է»,- հայտնել է նա: Սապարովը մանրամասնել է, որ Fokker 100-ի թռիչքից մեկ րոպե առաջ այդ նույն ուղով թռել էր նաև Airbus-ը, որը կարող էր օդում հետք թողած լինել:  

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը` Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել էր բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Պատահարի հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել էր հիվանդանոց:

Z2100 չվերթը մեկնել էր տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Ինքնաթիռում եղել է 98 մարդ` ներառյալ անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:

Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի: