Թուրքական ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապ ունեցող մոտ 100 օտարերկրացու է ձերբակալել

13:39 • 30.12.19

Թուրքիայում մոտ 100 օտարերկրացի է ձերբակալվել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ թուրքական ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել Անկարայի, Բաթմանի, Կայսերիի, Ադանայի, Բուրսայի և Սամսունի նահանգներում:

Գործակալության տեղեկություններով` ձերբակալվածները Սիրիայում մասնակցել են ռազմական գործողությունների`հանդես գալով ԻՊ-ի կողմից: Խուզարկությունների ընթացքում ոմանցից զենք, փաստաթղթեր են առգրավվել, որոնք ապացուցում են վերջիններիս ներգրավվածությունն ահաբեկչական գործողություններին:

Ձերբակալվածների թվում են Սիրիայի, Իրաքի և Մարոկկոյի քաղաքացիներ:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ին հայտարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում տարած հաղթանակի մասին:

Երկրի առանձին հատվածներում շարունակվում է զինյալներից մաքրման գործընթացը: Այս պահին առաջնային է քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձը: