Կամչատկայում հրաբուխը մինչև 5,5 կմ բարձրության մոխրի սյուն է արտանետել (լուսանկարներ)
Կամչատկայում Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ծովի մակարդակից մինչև 5500 մետր բարձրության մոխրի սյուն է արտանետել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կամչատկայի հրաբխային ժայթքումների մոնիթորինգի խմբի հայտարարությանը (KVERT):
«Մոխրի արտանետումը գրանցվել է երեքշաբթի կեսօրին: Մոխրի սյունը ձգվել է հրաբխից 130 կմ դեպի հարավ-արևելք ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրաբխի տարածքում ավիացիայի համար սահմանված է վտանգավորության բարձր գունային ծածկագիր` «նարնջագույն», սակայն հրաբխի տարածքով միջազգային օդանավերի չվուղիներ չեն անցնում:
Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Կամչատկայի երկրամասի բնակավայրերի վրա մոխիրը չի տարածվել:
Կլյուչևսկայա Սոպկան գործող հրաբուխ է Կամչատկայի թերակղզում։ Առավել բարձր (4750 մ) և ամենաակտիվ հրաբուխն Է Եվրասիայում։ Կազմված Է բազալտային, մասամբ՝ անդեզիտային լավաներից, վերին մասում՝ փուխր նյութերից։











