Խնդիրը միայն իմ որդու սպանությունը չէ, բանակում սարսափելի բաներ են տեղի ունենում, կաբինետներում նստած ոչ տեսնում են, ոչ լսում. հարցը սնունդը չէ, այլ բարոյահոգեբանական մթնոլորտը. Հայկազ Բարսեղյանի հայր

17:06 • 02.01.20

Հունվարի 29-ին լրանում է որդուս սպանության 5-րդ տարին, սակայն  դատավարությունը մինչ օրս շարունակվում է, արհեստականորեն ձգձգվում է,  չնայած նախաքննության փուլում սպանության բոլոր ապացույցները ներկայացվել էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրասանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը:

«Դատաքննության 4 տարիների ընթացքում  նիստերը պարբերաբար հետաձգվում են,  ամբաստանյալների պաշտպանները նույնաբովանդակ միջնորդություններ են  ներկայացնում դատարանին, կրկին հետազոտության են ներկայացվում արդեն իսկ ուսումնասիրված առարկաները: Դատարանն էլ քննում է, որ վերաքննիչում  բողոքարկելու հիմքեր չստեղծվի: Դեկտեմբեր ամսին դատական նիստեր գրեթե չեն կայացել»,- նշեց նա:

Արկադի Բարսեղյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում վկաների նկատմամբ փորձ է արվել նաև ճնշում գործադրել:

«Զանգել են վկաների ծնողներին, վկաների մոտ ծառայության վայր են գնացել: Դատարանում հենց վկաներն են այս մասին ասում: Ասում են` «պարոն դատավոր, զանգել էին, որ իմ նախաքննական  ցուցմունքները փոխեմ»: Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Վաչե Սահակյանի ծնողներն են եղել»,- մանրամասնեց նա:

Արկադի Բարսեղյանի խոսքով՝ աղմկահարույց դատավարություններն ստվերել են գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, հիմա արդեն լրագրողներ էլ չեն մասնակցում դատական նիստերին:

«Խնդիրը միայն իմ որդու  սպանությունը չէ, պետք է արդար դատաքննություն իրականցվի, որպեսզի նման դեպքերը հետագայում կանխարգելվեն: Բանակում ահավոր բաներ են տեղի ունենում, որոնք  պետք է վերացվեն, կաբինետներում նստած ոչ տեսնում են, ոչ լսում: Հարցը  ուտելիքը չէ, հարցը  բարոյահոգեբանական մթնոլորտն է»,- նկատեց նա:

Գործով ամբաստանյալներից Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննությունն արհեստական կերպով չի ձգձգվում:

«Ինչ է, մեզ ձե՞ռք է տալիս, որ այսքան տարի գնում-գալիս ենք: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ օբյեկտիվ հանգամանքների պատճառով դատաքննություն վերջին անգամ չի եղել, փաստաբաններից մեկի ազգականին վիրահատել էին, գնացել էր այցելություն, չէր եկել  դատարան»,- նշեց նա:

Հովիկ Արսենյանի խոսքով՝ դատավորը կարող էր  գործի քննությունը կասեցնել, քանի որ փորձաքննություն էր նշանակվել, բայց չի կասեցրել և շարունակել է դատաքննությունը:
 Նա նաև նշեց, որ միայն ցուցմունքների հիման վրա են փորձում ամբաստանյալներին դատել, բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել` որևէ մեկով, որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա: