Հայտնի հայեր, որոնք կյանքից հեռացել են 2019 թվականին

18:11 • 02.01.20

2019-ին կյանքից հեռացել են սպորտի, մշակույթի ու հոգևոր աշխարհի հայազգի ներկայացուցիչներ, որոնց ներդրումը հավերժ կմնա համաշխարհային պատմության մեջ: Անցյալ տարի մահացած հայտնի հայերի ցանկը կազմել է rusarminfo-ն:

Միշել Լեգրան

2019-ի հունվարի 26-ին 86 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Նա ծնվել է 1932 թվականին վարյետեի նվագախմբի ղեկավար Ռահմոնդ Լեգրանի և իսպանահայ Հայկանուշ Մարսել Տեր Միքայելյանի ընտանիքում: Լեգրանը երեք անգամ «Օսկարի» է արժանացել լավագույն ստեղծագործության համար: Նա հանդիսանում է «Գրեմմիի» հնգակի, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» դափնեկիր:

Մեսրոպ Մութաֆյան

Ստամբուլում մարտի 8-ին 64 տարեկանում մահացել է Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական Եկեղեցու 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Ֆրիդ Սողոյան

Հուլիսի 31-ին Մոսկվայում 83 տարեկան հասակում մահացել է հայտնի հայազգի քանդակագործ Ֆրիդ Սողոյանը: Նրա զինանոցում ավելի քան 400 ստեղծագործություններ են ընդգրկված: Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:

Շառլ Ժերար

Սեպտեմբերի 20-ին Փարիզում 93 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան): Նա ծնվել է Մարսելում` Ցեղասպանության տարիներին Թուրքիայից գաղթած հայերի ընտանիքում: Հանրաճանաչություն դերասանին բերել է «Խաղալիք» ֆիլմում կերտած դերը, որտեղ նկարահանվել է Պիեռ Ռիշարի հետ միասին:

Սամվել Մնացյան

Հոկտեմբերի 5-ին 29 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի հոկեյիստ Սամվել Մնացյանը: Նրա մահվան պատճառն է դարձել օնկոլոգիական հիվանդությունը, որի դեմ նա մեկ տարի պայքարել էր:

Աշոտ Բոլյան

Նոյեմբերի 13-ին Մոսկվայի իր տան մոտ ստացած հրազենային վնասվածքից մահացել է բռնցքամարտի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը: 2004-ին նա ավարտել էր մարզական կարիերան և Հայաստանից տեղափոխվել Ռուսաստան:

Գոհար Վարդանյան

Նոյեմբերի 25-ին 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի խորհրդային հետախույց Գոհար Վարդանյանը՝ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը: