Այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է Փաշինյանին և նրա կնոջը. հետհեղափոխական Հայաստանում նորմալ է դարձել, երբ բանակում չծառայած անձը զինվորական համազգեստ է կրում. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյանի և նրո կնոջ Տավուշի մարզի մի շարք համայնքներ այցելության ժամանակ զինվորական համազգեստ կրելուն, որը հասարակության շրջանում նորմալ է ընկալվել այն դեպքում, երբ նախկին իշխանությունների կողմից արված նման քայլը դատապարտվել էր:
«Դեկտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էր Տավուշի մարզի մի շարք համայնքներ... Շատերին մի հարց էր հետաքրքրում՝ ինչու՞ էին վարչապետը և նրա կինը զինվորական համազգեստներով՝ կամուֆլյաժներով: Իրո՛ք, հետաքրքիր է, թե ինչո՞ւ...
2013 թ-ի հոկտեմբերին, երբ ՀՀԿ-ի կառավարության ներկայացուցիչները նույն զինվորական համազգեստներով մասնակցել էին կառավարության արտահերթ նիստին, արժանացան այդ ժամանակվա ընդդիմադիրների, իսկ նրանցից շատերն այժմյան կառավարության երկրպագուների ոչ թե քննադատությանը, այլև ծաղրուծանակին...
Հատկապես քննադատներին նյարդայնացրել էին բանակում չծառայած վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի զինվորական համազգեստ կրելը... Ընդդիմախոսներն ուղղակի «ոչնչացրել» էին կին նախարարներին՝ Հրանուշ Հակոբյանին և Հասմիկ Պողոսյանին, ովքեր ևս կամուֆլյաժով էին եղել...
Շատերի նման ինձ էլ բացարձակ դուր չեկավ, որ բանակում չծառայած և կին նախարարները, ովքեր բացարձակ կապ չունեին բանակի հետ, զինվորական համազգեստ էին հագել... Մինչև հիմա էլ այն կարծիքին եմ, որ բանակում չծառայած անձն իրավունք չունի զինվորական համազգեստ կրել... Սակայն հետհեղափոխական Հայաստանում, ինչպես տեսնում ենք, շատ նորմալ է դարձել, երբ բանակում չծառայած անձն, այս պարագայում վարչապետ Փաշինյանը և նրա կինը, զինվորական համազգեստ են կրում և նախկինում այդ արարքի համար նախկին իշխանությունների ներկայացուցիչներին հեգնող և քննադատողները հիմա ծպտուն չեն հանում...
Հետաքրքիր է, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ, ասենք, Տիգրան Սարգսյանին և Հրանուշ Հակոբյանին՝ ոչ... Ստացվում է՝ այն ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է Փաշինյանին և նրա կնոջը... Այսինքն՝ վատագույն ավանդույթները շարունակվում են, բայց մեկ բացառությամբ՝ այդ ամենը քննադատողները դասվում են հակահեղափոխականների շարքին»,- գրել է նա: 











