Խորհրդարանը 2019-ին կեղծ օրակարգ չի սպասարկել, գործել է հասարակության մեջ համերաշխությունը խորացնելու սկզբունքով. Հովիկ Աղազարյան
2019 թ-ին մոտ 360 օրենքի փոփոխություն է եղել, բավականին արդյունավետ խորհրդարանական տարի էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ընդունված օրենքների արդյունքները պետք է հետագայում զգացվեն: Ստեղծվել են մի քանի քննիչ հանձնաժողովներ, որոնք այս պահին շարունակում են իրենց գործունեությունը: Կարևոր է նվազագույն աշխատավարձի հետ կապված օրենքը, հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որով, մասնավորապես, նախատեսում է մինչև 24 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների լայն զանգվածի զատել հարկերից և հնարավորություն ստեղծել, որպեսզի կարողանան զարգանալ, դրական օրենսդրական փոփոխությունները շատ են»,- նշեց նա:
Անդրադառնալով քննադատություններին, որ խորհրդարանը կեղծ օրակարգ է սպասարկել` կապված ՍԴ-ի, անցումային արդարադատության և վեթինգի քննարկումների հետ, Հովիկ Աղազարյանն ասաց.
«Բնականաբար, մեր ընդդիմախոսներն ունեն իրենց տեսակետը, ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա խորհրդարանը ճիշտ քաղաքականություն է որդեգրել այդ ուղղությամբ և ցանկանում է հարցերը լուծել՝ ելնելով հասարկության մեջ համերաշխության մթնոլորտը խորացնելու սկզբունքից: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի փոփոխություններին, անցումային արադատությանը, վեթինգին, ապա սա մի գործընթաց է, որը շատ ժամանակատար է և, հետևաբար, շտապ ընդունված օրենքները կարող են ցանկալի արդյունքներ չապահովել»,- ընդգծեց նա՝ հավելով, որ խորհրդարանը կեղծ օրակարգ չի սպասարկել:
Անդրադառնալով քննադատություններին, թե խորհրդարանում քաղաքական մշակույթ 2019-ին ձևավորված չէր, Հովիկ Աղազարյանն ասաց.
«Քաղաքական մշակույթի առումով մի բան կարող եմ ասել, լինելով բավականին տեղեկացված մարդ, ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ կոռուպցիայի կանխարգելման կամ դրան համարժեք կառույց լինի, որի նախագահ ընտրված լինի ընդդիմության ներկայացրած թեկնածուն: Գուցե կա, բայց ես չգիտեմ»,- նշեց նա:
Ադրադառանալով հարցին, թե ինչպես կգնահատի 2019-ի խորհրդարանական ընդդիմության աշխատանքը, Հովիկ Աղազարյանն ասաց, որ բարձր է գնահատում:
«Եթե նայում ենք, առաջին հեթին, իրենց կողմից ներկայացված նախագծերով, ապա բարձր եմ գնահատում: Երկորդը` քաղաքական դեբատների մեջ շատերն աճում են, զարգանում»,- նկատեց նա:
Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ չի կարծում, թե խորհրդարանական ընդդիմությունն ստվերված է եղել, ըստ նրա` պարազապես արտախորհրդարանականները երբեմն ավելի ազատ են անձնական դիրքորոշումները ներկայացնելիս:










