Ուրալում բնակվող 11-ամյա տղան մեքենաներ է տեղաշարժում և ռեկորդներ սահմանում (տեսանյութ)

19:23 • 02.01.20

Oddity Central-ն անդրադարձել է Ռուսաստանի Ուրալի շրջանի 11-ամյա բնակիչ Տիմոֆեյ Կլեվակինին, որն ակտիվ մարզվում է և ծանրամարտի ասպարեզում ռեկորդներ է սահմանում:

Տիմոֆեյը ծանրամարտով հետաքրքրվել է հինգ տարեկանից, երբ սկսել է հետևել, թե ինչպես է իր հայրիկը մարզվում: Նկատելով իր տղայի հետաքրքրությունը՝ Արսենի Կլեվակինն սկսել է պարապել նրա հետ՝ չնայած կնոջ դժգոհությանն ու մտահոգությանը՝ կապված երեխայի փոքր տարիքի հետ:

Վեց տարեկանում ծանրամարտի տեղական մրցույթում Տիմոֆեյն արդեն հասցրել է զարմացնել մրցույթի այցելուներին և մրցավարներին՝ գետնից պոկելով 55 կգ կշռող ծանրաձողը:

Նա շարունակել է ջանասիրաբար աշխատել և մարզվել, իսկ այսօր 11-ամյա մարզիկը պատրաստվում է ազգային ռեկորդ սահմանել իր քաշային կարգի համար՝ գետնից պոկելով 105 կգ կշռող ծանրաձողը:

2019-ին Չելյաբինսկում անցկացված Ասիական գավաթի շրջանակներում տղային հաջողվել է գետնից պոկել 100 կգ կշռող ծանրաձողը, որն իսկապես տպավորիչ արդյունք է՝ հաշվի առնելով նրա տարիքն ու 38 կգ քաշը:  

Բացի այդ, նա հայտնի է դարձել իր քաշից մի քանի անգամ ծանր հսկայական անվադողերը տեղաշարժելով և մարդատար մեքենաները գոտիների օգնությամբ քաշելով: Իր հայրենի գյուղում Տիմոֆեյն արդեն հերոս է ճանաչվել:

Տղան մարզվում է շաբաթական երեք անգամ և աթլետ սննդակարգով է սնվում: Տղայի մայրն ու մի շարք փորձագետներ մտավախություն են հայտնում, որ չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վնաս հասցնելո նրա օրգանիզմին, սակայն հայրը վստահեցնում է, որ ուշադիր է և չափից չի ծանրաբեռնում տղային: