Ավստրալիայում անտառային հրդեհները շարունակվում են. զբոսաշրջիկների և բնակիչների տարհանմանը միացել է երկրի նավատորմը

17:10 • 03.01.20

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մալակուտա քաղաքում նավատորմը շուրջ 1000 զբոսաշրջիկների և տեղաբնակների է տարհանել կրակի ճիրաններում հայտնված ափամերձ քաղաքից:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, ուրբաթ դեսանտային նավերը մարդկանց տեղափոխել են վտանգավոր շրջաններից: Տեղի պատգամավորներից մեկը կատարվածն անվանել է «քաղաքացիների աննախադեպ զանգվածային տեղափոխում»:

Հաղորդվում է, որ շուրջ 4000 բնակիչներ երկուշաբթի գիշեր փախել են դեպի լողափ՝ փրկվելով քաղաքը շրջապատող և ահագնացող անտառային հրդեհներից:

Երկրի մի շարք շրջաններում օդը չափազանց մշուշապատ է ինքնաթիռներով կամ ուղղաթիռներով տարհանումներ իրականացնելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ բարձր ջերմաստիճանն ու ուժեղ քամիները, ըստ կանխատեսումների, շարունակվեն նաև հանգստյան օրերին՝ հանգեցնելով «լայնածավալ հրդեհների տարածման վտանգի»:

Հիշեցնենք, որ անտառային հրդեհներն Ավստրալիայի մի շարք նահանգներում սկսվեն են 2019-ի դեկտեմբերին, երբ նաև ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ 42 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի: