«Մի՛ անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է, գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ». Հովհաննես Ազոյանը մեկնաբանել է ծեծի ենթարկվելու մասին լուրերը

15:45 • 04.01.20

Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է նախօրեին ծեծի ենթարկվելու մասին լուրը:

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ.... Մի՛ անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի... Հետհեղափոխական Հայաստանում այն առ այսօր վտանգ է պարունակում հասարակության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը:

Նա ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, որը ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է որպես «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում: Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ: