«Ամերիկացիները չեն հասկացել, թե ինչ մեծ սխալ են թույլ տվել». Ռոհանին այցելել է սպանված գեներալի ընտանիքին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, սպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալին, ծանրագույն հանցանք է գործել, և գեներալ Սոլեյմանիի կորուստը լրացնելը հեշտ չի լինի: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը:
«ԱՄՆ-ի գործած հանցանքը պատմության մեջ կմնա որպես իրանական ազգի դեմ կատարված ամենածանր հանցանք: Ամերիկացիները չեն հասկացել, թե ինչ մեծ սխալ են թույլ տվել: Այդ հանցանքի ազդեցությունները նրանք կզգան ոչ միայն այսօր, այլ նաև հետագա տարիների ընթացքում»,-հայտարարել է իրանցի առաջնորդը:
Նշվում է, որ Իրանի նախագահն այցելել է զոհված գեներալի ընտանիքին:
Իրանի նախագահը համոզված է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը երկրից դուրս Իրանի ռազմական գործողությունների պատասխանատուն էր, ծառայում էր ոչ միայն իր երկրի, այլ նաև տարածաշրջանի՝ այդ թվում Իրաքի, Սիրիայի, Յեմենի, Լիբանանի և Աֆղանստանի ժողովուրդների անվտանգությանը:
«Լրացնել գեներալ Սոլեյմանիի կորուստը հեշտ չէ, քանի որ նա ոչ միայն ռազմական հրամանատար և կարևորագույն ռազմական օպերացիաների ճարտարապետն էր, այլ նաև բացառիկ տաղանդավոր քաղաքական գործիչ և ռազմավար»,-ընդգծել է Ռոհանին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:










