«Վարչապետի երեկվա գրառումը «տնայնագործ գեոպոլիտիկների» մասին շատ խորքային առումով վատն էր, շատ վատն էր». Ռուբեն Մելիքյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումը «տնայնագործ գեոպոլիտիկների» մասին շատ խորքային առումով վատն էր, շատ վատն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ես հասկանում եմ, որ ցանկացած պետության խնդիրներից մեկը ցանկացած տեսակի խուճապների կասեցումն է։ Ես հասկանում եմ, որ ցանկացած պետություն ունի ինստիտուտներ, որոնց գործառույթը տարածաշրջանային զարգացումների վերլուծությունն ու սցենարների հաշվարկն է (լավ կամ վատ)։
Բայց ես չեմ հասկանում, երբ գործադիր իշխանության ղեկավարը, քաղաքական առաջնորդը պիտակավորում է տարածաշրջանային խիստ վտանգավոր այս զարգացումը լավ կամ վատ վերլուծել փորձողներին, վտանգներ տեսնողներին, հենց իրեն՝ կառավարության ղեկավարին խիստ անտեղի «բլինչիկային» գրառման համար քննադատողներին։ Չէ՞ որ կոնկրետ այս վտանգները վերքաղաքական մակարդակ ունեն։ Եթե, Աստված մի արասցե, Ամերիկա-Իրան հարաբերություններում բանը բանից անցնի, ոչ ոքի չի հետաքրքրի՝ դու օրվա իշխանությանը սատարում ես, քննադատում ես, թե չեզոք ես։
Տպավորությունս այն է, որ մեզ բոլորիս փորձում են մի տեսակ «լարովի նարնջի» տեղ դնել՝ պիտակավորելու եղանակով զրկելով ազատ մտածելու, մտքեր փոխանակելու, տո նույնիսկ սխալվելու իրավունքից։ Մի՛ արեք»։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են:
Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին և մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով:
Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»:










