Այսքան տարիների ընթացքում քաղհասարակությունը չակերտավոր է եղել և հրամցվել ժողովրդին, 2019-ին նոր որակի քաղհասարակություն ունենալու համար զրոյից աշխատանքներ տարվեցին. Նարեկ Սամսոնյան

11:18 • 04.01.20

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին տարում ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ծավալած գործողություններին, ասաց, որ համարում է` անցյալ տարում քաղհասարակությունը որպես ամբողջական մարմին ձևավորվել է, սա այն քաղհասարակությունն է, որ իրականում պետք է լինի:

«2019 թվականի ընթացքում քաղաքացիական հասարակությունը նոր էր ձևավորվում: Նոր որակի  քաղհասարակություն ունենալու համար զրոյից աշխատանքներ տարվեցին»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե ինչու էր քաղհասարակությունը զրոյից ձևավորվում` ասաց, որ այսքան տարիների ընթացքում քաղաքացիական հասարակությունը չակերտավոր է եղել և հրամցվել ժողովրդին:

«Պարզվում է՝ մեզ որպես քաղհասարակության մարմիններ հրամցվածները բոլորն իշխանական մարմիններ են, ինչպես, օրինակ, Դանիել Իոաննիսյանը, սորոսականների թիմը, նրանք ընդհանրապես քաղհասարակության հետ կապ չունեին»,- նշեց Սամսոնյանը և հավելեց, որ այդ առումով անցյալ տարին հաջողված էր:

«Անցյալ տարում ձևավորվեցին այն թիմերը, որոնք ապագա Հայաստանի ժողովրդավար դառնալու համար հիմնական երաշխիքն են դառնալու: Այս պահին արդեն կայացած քաղհասարակությունը պետք է գործով ցույց տա, թե որքանով է կարողանում ՀՀ-ի ժողովրդավարացման գործընթացին օգնել»,- նշեց Սամսոնյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ քաղհասարակության գործընթացին կարող է նպաստել նաև այն ընդդիմությունը, որն այսօր կա: Ըստ նրա` 2019 թվականին ստեղծվեց այնպիսի ընդդիմություն, որը ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ կապ չունի, նրա խոսքով՝ այդ ընդդիմությունն ապագա իշխանությունը կարող է լինել: 

Սամսոնյանը չցանկացավ անուններ տալ, թե որոնք են այդ նոր ընդդիմադիրները, սակայն երաշխավորեց, որ ապագայում այդ անունները կհնչեցվեն:

«Շնորհավորելով բոլորի Ամանորը` ցանկանում եմ, որ 2020 թվականին բոլորիս կողմից ամեն ինչ արվի, որ ՀՀ-ն այս խեղկատակությունից օր առաջ դուրս գա, օր առաջ ուղղի իր մեջքն այս ստի, կեղծիքի ու պոպուլիզմի իշխանության հասցրած վնասներից, նաև սահմանադրականություն եմ ցանկանում»,- եզրափակեց Սամսոնյանը: