Իրաքում հրաժեշտ են տալիս իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 4-ի առավոտյան Բաղդադում սկսվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Գեներալին հրաժեշտ տալու է գնացել մի քանի հազար մարդ, շատերը գնացել են Իրաքի և իրանամետ շիա աշխարհազորայինների դրոշներով, լսվել են «Մա՛հ Ամերիկային» բացականչություններ:
Հունվարի 5-ին Թեհրանում տեղի կունենա գեներալ Սոլեյմանիի, իրանամետ «Ալ Հաշդ աշ-Շաաբի» շիա աշխարհազորայինների փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուանդիսի և ամերիկյան ավիահարվածների հետևանքով մյուս զոհերի թաղման արարողությունը:
Ավելի վաղ Իրաքում Իրանի դեսպանը տեղեկացրել էր, որ իրաքյան իշխանությունները ցանկանում էին Սոլեյմանիի թաղման արարողությունը կազմակերպել Իրաքում, սակայն բանակցությունների արդյունքում որոշվել է գեներալի և մյուս զոհերի մարմինները տեղափոխել հայրենիք:
Իրանի մայրաքաղաքի ճանապարհին սգո թափորը կայցելի շիաների համար սուրբ համարվող Քարբալա և Նաջաֆ քաղաքներ: Նաջաֆում է գտնվում շիաների խալիֆ և առաջին իմամ Ալիի դամբարանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:












