Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա

10:40 • 05.01.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է իր Twitter-ում:

Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ի պատասխան գեներալի մահվան՝ Իրանը «շատ համարձակորեն խոսում է ԱՄՆ-ի որոշ ակտիվների թիրախավորման մասին»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:

ԱՄՆ նախագահը նշել է, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներ են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979 թվականի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ:

«ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- թվիթերյան գրառումների շարքը եզրափակել է Թրամփը։

BBC գործակալությունը գրում է, որ «Իրանական մշակույթի համար» կարևոր թիրախների հիշատակումը ենթադրում է թիրախների շատ ավելի լայն շրջանակ, քան պարզապես ղեկավարությունը, ռազմական կամ տնտեսական օբյեկտները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: