Ահվազ քաղաքի փողոցները հեղեղվել են սևազգեստ քաղաքացիներով. Իրանում տեղի է ունենում գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը կիրակի տեղափոխել են Իրան. այսօր տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը, գրում է BBC գործակալությունը:
Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի օդանավակայանում:
Բացի Ահվազում տեղի ունեցող հրաժեշտի արարողությունից, արարողություններ տեղի կունենան նաև Մեշհեդում, երկուշաբթի՝ Թեհրանում, իսկ երեքշաբթի գեներալին կհուղարկավորեն Քերմանում:
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի փողոցները հեղեղվել են սևազգեստ քաղաքացիներով, որտեղ Սուլեյմանի մարմինը ժամանել է մինչև լուսաբաց: «Իրիբ» պետական լրատվական գործակալությունը կադրեր է ցուցադրել, որտեղ Սուլեյմանիի դագաղը, որի վրա գցված է Իրանի դրոշը, ինքնաթիռից դուրս են բերում ռազմական նվագախմբի հնչյունների ներքո:
Հաղորդվում է, որ երկրի մայրաքաղաք Թեհրանում խորհրդարանի անդամները մի քանի րոպե վանկարկել են «Մա՛հ Ամերիկային»:
«Թրա՛մփ, սա իրանական ազգի ձայնն է, լսե՛ք»,- ասել է խոսնակ Ալի Լարիջանին:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:







![]()













