Իրանում մեկնարկել է գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությունը. հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը (լուսանկարներ)

11:05 • 05.01.20

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան, տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը:

«Նահատակ գեներալ Քասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան», - հաղորդում է ISNA գործակալությունը:

Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի օդանավակայանում:

Հաղորդվում է, որ այսօր, բացի Ախվազում տեղի ունեցող հրաժեշտի արարողությունից, արարողություններ տեղի կունենան նաև Մեշհեդում, երկուշաբթի՝ Թեհրանում, իսկ երեքշաբթի գեներալին կհուղարկավորեն Քերմանում:

Իրանական հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակում է իրականացնում Խուզեստան նահանգի վարչական կենտրոնից, որտեղ գեներալին հրաժեշտ տալու համար, իրանական լրատվամիջոցների տվյալներով, միլիոնավոր մարդիկ են հավաքվել:

«Մա՛հ Ամերիկային»,- հնչում է բարձրախոսներով ամբողջ քաղաքում։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: