Ռոհանին Էրդողանին կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի դեմ

11:46 • 05.01.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հանդես գալ ԱՄՆ-ի դեմ, որպեսզի կանխեն Վաշինգտոնի «ավելի հանդուգն» գործողությունները: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Նա տարածաշրջանային պետություններին կոչ է արել միավորվել Վաշինգտոնի սպառնալիքների դեմ:

«Եթե մենք լռենք, ԱՄՆ-ն ավելի համարձակ ու ագրեսիվ կդառնա»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ լռությունը կվտանգի ողջ տարածաշրջանը:

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի ազգային ինքնիշխանությունը և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրաքում, ինչը հակասում է այդ երկրի անկախությանը:

«ԱՄՆ-ն նաև կազմակերպված ահաբեկչական գործողություն է իրականացրել մեկ այլ կառավարության դեմ և սպանել մեր մեծ ու ժողովրդականություն վայելող ռազմական հրամանատարին, և եթե մենք լռենք, մենք մեծ սպառնալիքի առջև կկանգնենք»,-հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը. հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: