Եթե պետության ղեկավարը պաշտոնապես չի արձագանքում համաշխարհային նշանակության իրադարձությանը, ապա բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել մեր կրավորական կեցվածքից. Ավետիք Իշխանյան

11:32 • 05.01.20

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատողոկատվությանն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ինչո՞ւ եք վրդովվում, տիկնայք և պարոնայք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները խորը վրդովմունքի մեջ են, կապված ադրբեջանական տարածված կեղծ տեղեկատվությամբ՝ իբր ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։

Կուզենայի վրդովվածներին հիշեցնել, որ մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ և ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ « Война — это… война!»․

Եվ չնայած բազմաթիվ և բազմապիսի ժնևյան և այլ կոնվենցիաների պատերազմը պատերազմ է՝ առանց խաղի կանոնների։ Եվ եթե պետության ղեկավարը պաշտոնապես չի արձագանքում ոչ միայն առաջին հերթին մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությանը, այլ բավարարվում է միայն իր ընդդիմախոսներին սաստելով, ապա բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր, ցավոք, այս դեպքում նաև մեր կրավորական կեցվածքից»։