2019-ին Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացմանը խանգարող որոշ հանգամանքներ կային, բայց դրական դինամիկան շարունակում է պահպանվել. Ջոնի Մելիքյան
2019 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացմանը խանգարող որոշ հանգամանքներ կային, որոնցից հիմնականը Վրաստանի ներքաղաքական զարգացումներին էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ նշելով նաև, որ այդ քաղաքական զարգացումներն անդրադարձել են ոչ միայն հայ-վրացական, այլև նրանց մյուս գործընկեր երկրների հետ հարաբերությունների վրա:
«Վրաստանում վարչապետների փոփոխությունը, բողոքի ցույցերը, որոնք տարվա ընթացքում մի քանի անգամ եղան, ինչ-որ առումով սահմանափակում էին այն հնարավորությունները, որոնք կային, բայց պետք է փաստել նաև, որ երկար դադարից հետո վերսկսվեց ինստիտուտցիոնալ համագործակցության աշխատանքը՝ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը տեղի ունեցավ ամռանը, որին զուգահեռ կայացավ նաև հայ-վրացական բիզնես համաժողովը: Չէի ասի, թե համաժողովի ընթացքում բոլոր հնարավորություններն օգտագործվել են, կամ ինչ-որ լուրջ պրոգրես է գրանցվել, բայց առաջընթաց, այնուամենայնիվ, կա, որի հիմքի վրա պետք է ապագայում խորացնենք հարաբերությունները»,-ասաց Մելիքյանը:
Նա նշեց նաև, թե երկու երկրների հարաբերություններում շարունակվում է այն նույն դինամիկան, որ վերջին տարիների ընթացքում եղել է:
Վրացագետի խոսքով՝ Վրաստանում վերջին կառավարական փոփոխություններից հետո հույս կա, որ նոր տարում հնարավոր կլինի հայ-վրացական հարաբերությունների վրա «մի քանի քար ավելացնել», բայց պետք է հաշվի առնել, որ այս տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ներքաղաքական խմորումներն այնտեղ կշարունակվեն և այս տարի:
Մելիքյանը ընդգծեց նաև, որ Վրաստանն իր ինտեգրումը դիտարկում է եվրոպական ուղղվածությամբ, ոչ թե տարածաշրջանային: «Պետք է հասկանալ, որ ինչքանով մենք պրագմատիկորեն համագործակցում ենք և ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, այնքանով Վրաստանն, իր ազգային ու տնտեսական շահերից ելնելով, խորացնում է հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Դրա հետ մեկտեղ Վրաստանն իր հարաբերությունները խորացնում է այլ երկրների հետ ևս, ինչը ցույց է տալիս, որ մեր հարևան երկիրը փորձում է բոլորի հետ բալանսավորված հարաբերություններ ունենալ և կախված չլինել որևէ հարևանից կամ որևէ ֆորմատից»,-պարզաբանեց վրացագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից միջպետական հարաբերություններն էլ ավելի բարելավելու քայլերն արվել են, և, կարելի է ասել, այս պահին «գնդակը» վրացական կողմում է:
«Մեր հարևան երկիրն այժմ պետք է վերաիմաստավորի Հայաստանից ընկալումներն ու ակնկալիքներ, և հասկանա՝ որքանով է պատրաստ խորացնել հարաբերությունները՝ միտումն ուղղելով դեպի ռազմավարական հարաբերություններ: Դրա համար էլ կողմերը պետք է քայլեր անեն, կարող է լինել, օրինակ, նոր միջպետական համաձայնագիր: Այդ ամենն աշխատանք է պահանջում»,-ամփոփեց Ջոնի Մելիքյանը:










