Ճապոնիայում Nissan-ի նախկին ղեկավարի փախուստից հետո կուժեղացնեն երկրի սահմանների հսկողությունը

12:59 • 05.01.20

Ճապոնիայի արդարադատության նախարար Մասակո Մորին Nissan ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնի փախուստից հետո հայտնել է երկրի սահմաններում վերահսկողության ուժեղացման և ներգաղթի ընթացակարգերի խստացման մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մորին ընդգծել է, որ Գոնը սահմանը հատել է «ակնհայտ անօրինական» ճանապարհով և խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

«Ենթադրվում է, որ նա երկրից ապօրինի հեռանալու համար դիմել է անօրինական մեթոդների: Այն, որ մենք հասել ենք այս իրավիճակին, ծայրահեղ ափսոսանքի է արժանի»,- հայտարարել է Մորին:

Նա նաև նշել է, որ նրա նկատմամբ արդեն գործում է Ինտերպոլի «կարմիր ծանուցումը»:

Nissan ընկերության նախկին ղեկավար Գոնը և նրա «աջ ձեռքը»՝ Գրեգորի Քելլին, ձերբակալվել էին 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ մեղադրանքով, որ Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին ղեկավարը հայտարարագրել է իր ոչ բոլոր եկամուտները և դա արել է Քելլիի օգնությամբ:

Հայտարարագրումից թաքցված եկամուտների գումարը 2010-ից մինչև 2017 թվականը ընկած ժամանակահատվածում գնահատվում է 8 միլիարդ իեն (շուրջ 71 միլիոն դոլար):

Անցյալ տարվա գարնանը Գոնի փաստաբանները 1,5 մլրդ իենի (մոտ 15 մլն դոլար) չափով գրավ են վճարել, որից հետո նա ազատ էր արձակվել՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Մինչ դատը, որը պետք է տեղի ունենար Ճապոնիայում՝ 2020 թվականի գարնանը, նա իրավունք չուներ լքել երկրի սահմանները: Սակայն դեկտեմբերի 30-ին հայտնի էր դարձել, որ նա ժամանել է Լիբանան: Այնուհետև Գոնը անձամբ էր հաստատել, որ գտնվում է Լիբանանում: