2020 թ.-ին սպասվող իրադարձություններ, որոնք տեղի են ունենալու ՀՀ-ում կամ առնչվում են Հայաստանին

17:18 • 07.01.20

Tert.am-ն առանձնացրել է 2020 թ.-ին սպասվող իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու Հայաստանում կամ առնչվում են Հայաստանին:

Քաղաքական թիվ մեկ իրադարձությունը վստահաբար գարնանն Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Դա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Արցախը նույն օրը կընտրի երկրի նախագահին և Ազգային ժողովը:

Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտարարել են նախկին վարչապետ և պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ընդդիմադիր քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Արցախի նախագահի ընտրությանը կիրառվում է երկու փուլով համակարգը։ Եթե թեկնածուն հավաքում է ձայների 50 տոկոսից ավելին, ապա նա հայտարարվում է ընտրված։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարում 50 տոկոսի շեմը, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում միայն երկու առավել շատ քվե ստացած թեկնածուները։ Երկրորդ փուլի հաղթողն ընտրվում է Արցախի նախագահ։ Իսկ Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով։ Պատգամավորների թիվը կլինի 27-ից 33, այն կսահմանի ընտրական օրենսգիրքը:

Բավականին հետաքրքիր պայքար է սպասվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանի համայնքապետի ընտրություններում, որը տեղի է ունենալու մարտի 15-ին: Ընդ որում, կառավարության որոշմամբ Իջևանում համայնքապետի ընտրությունների օրը, որն ի սկզբանե դեկտեմբերի 8-ն էր, հետաձգվել և նշանակվել է 2020 թ. մարտի 15-ին, իսկ մինչ այդ Իջևանի տարածաշրջանում տեղի կունենա համայնքների խոշորացում՝ 19 համայնք կմիանա Իջևանին:

Նախորդ 1.5 տարվա ընթացքում շատ համայնքներում իշխանության թեկնածուները պարտվել են ընտրություններում: Վարչապետի հարազատ քաղաքում ընտրությունները յուրօրինակ փորձություն է լինելու իշխանության համար: Իջևանի ընտրություններն առավել հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ իշխանության թեկնածուն, հավանաբար, լինելու է Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է:

2015-ին Իջևանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանը, չսպասելով ժամկետի ավարտին, 2019 թ. սեպտեմբերի  6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մինչ այդ Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք էր առաջադրել պաշտոնական լիազորությունները չարաշահելու և առերևույթ չարաշահումների համար։ Քաղաքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը:

Իջևանի ընտրությունների հարցի շրջանակում նշենք նաև, որ Կառավարության ներկայացված նախագծով առաջարկվում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի: Այսինքն, ձայնը ոչ թե անձին, այլ քաղաքական ուժին տալու ընտրակարգով ընտրություններ անցկացնելու առաջարկ է անում գործադիրը:

Տնտեսական հիմնական իրողություններն արդեն ուժի մեջ են 2020 թ.-ի հունվարի 1-ից: Մասնավորապես, խոսքը ԵԱՏՄ միասնական դրույքաչափերով 100-ավոր ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման և Հարկային օրենսգրքի փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցման մասին է:

Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, և այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների համար 2015 թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։ Հայաստանը բանակցությունների արդյունքում իրավունք էր ստացել աստիճանաբար համապատասխանեցնել նախկին դրույքաչափերը ԵԱՏՄ ստանդարտներին և 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող մոտ 700 ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։

Մասնավորապես, սկսած 2020 թվականի հունվարի 1-ից ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով:

Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավել, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2.5-4 տոկոսով ավել։ Մանկական սննդի, խմորիչների, ինչպես նաև ծխախոտային հիմքով ապրանքների մաքսային դրույքաչափերը կավելանան 2-3 տոկոսով։

Մաքսատուրքերի ավելացումը վերաբերելու է նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու հակաբորբոքային դեղամիջոցները թանկանալու են 2-4 տոկոսով։Թանկացումներ են սպասվում նաև շինարարության ոլորտում։ 3 տոկոսով ավելանալու են շինանյութի (ավազ, կավիճ, գիպս և այլն), ցեմենտի և դրա հավելումների մաքսային դրույքաչափերը։

Թերևս ամենաշատ քննարկված ապրանքատեսակը թանկացող ավտոմեքենաներն են։ մինչ այսօր Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս մաքսատուրք: Այսօրվանից սկսած մնացած վճարները մնում են նույնը, սակայն մաքսատուրքը բազմապատկվում է ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2020 թ.-ի հունվարի 1-ից եկամտահարկը դարձել է համահարթ 23 տոկոս: Եկամտահարկի նախկին դրույքաչափերը հետևյալն էին՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ վերականգնվել է կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը: Եթե քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում էր 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %, ապա հունվարի 1-ից այն դարձել է 5-ական %:

Տարեվերջին հնարավոր են ինչ-որ զարգացումներ նաև Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ, քանի որ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին` հայտնել էր, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020-ի չորրորդ եռամսյակը կամ 2021-ի առաջին եռամսյակը:

2020 թ.-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում կանցկացվեն 32-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Դեռևս հայտնի չէ, թե քանի հայ մարզիկ է մասնակցելու օլիմպիական խաղերին, քանի որ ուղեգրեր տվող վարկանշային մրցույթներն անցկացվելու են այս տարվա ընթացքում: Համեմատության համար նշենք, որ 2016 թ.-ի օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրել է 33 մարզիկ, որոնք նվաճել են 1 ոսկե, 3 արծաթե մեդալ:

Այս տարվա աշնանը կմեկնարկեն նաև ֆուտբոլի Աշխարհի 2022 թ.-ի առաջնության ընտրական փուլի խաղերը:

Մշակութային ամենասպասվող իրադարձությունը System of a down ռոք խմբի համերգն է: WCIT-ի ՏՏ համաշխարհային համաժողովի ժամանակ երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը հայտարարել էր. «2020 թվականի մայիս-հունիս ամիսներին նախատեսված է մեր խմբի եվրոպական շրջագայությունը, որին ավելացրել ենք նաև Երևանում կայանալիք համերգը»:

Մոտ 100 տարի առաջ՝ 1920 թ.-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն: 2020 թ.-ին նաև ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակն է: Հայաստանում Վերնոյը հայտնի է իր «Մայրիկ» ֆիլմով, որն ինքնակենսագրական է: Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Այս տարի հայ մանկագիր Խնկո Ապոր (Աթաբեկ Խնկոյան) ծննդյան 150-ամյակն է: