Իրանում սպառնացել են հարվածներ հասցնել իսրայելական Հայֆային և Դուբային, եթե ԱՄՆ-ն պատասխան հրթիռային հարված հասցնի
Իրանում սպառնացել են հարված հասցնել իսրայելական Հայֆա քաղաքին ու Դուբային, եթե Միացյալ Նահանգները բալիստիկ հրթիռներով պատասխան հարված հասցնի լույս չորեքշաբթի Իրանի իրականացրած գործողությանը, որի ժամանակ հրթիռակոծվել էին Իրաքի արևմուտքում ամերիկյան ռազմաբազաները, գրում է Daily Mail-ը:
Թեհրանը մեկ տասնյակից ավելի բալիստիկ հրթիռ է արձակել իրաքյան երկու բազաների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը` ի պատասխան ամերիկյան անօդաչու սարքի հարվածի, որի հետևանքով հունվարի 3-ին սպանվել էր իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) նախազգուշական հայտարարություն է տարածել Իրանի IRNA պետական լրատվական գործակալության միջոցով։
«Մենք նախազգուշացնում ենք ԱՄՆ բոլոր դաշնակիցներին, որոնք իրենց բազաները տրամադրել են ահաբեկչական բանակին, որ ցանկացած տարածք, որն Իրանի դեմ ագրեսիվ գործողություն կսկսի, հարձակման կենթարկվի»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը համատեղ հայտարարության մեջ:
Մեկ այլ հեռուստատեսությամբ արված հայտարարությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է հարված հասցնել Դուբային և իսրայելական Հայֆա քաղաքին:
Իրանում ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին նախազգուշացրել են զերծ մնալ հրթիռային հարձակման հետ կապված պատասխան գործողություններից:
Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:










