«Դիանա Հարությունյան» անուն ազգանունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ

16:10 • 08.01.20

«Դիանա Հարությունյան» անուն ազգանունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին ԱԱԾ մամուլի ծառայությունից:

«Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը)»,- տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնելու կեղծ լուրեր հրապարակելու և տարածելու համար ձերբակալվել էր «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատերը: Նա հունվարի 3-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակել ռ այն, որ իբրև թե  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի՝ Ղասեմ Սոլեյմանիի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։