«Ամեն ինչ կարգին է». Թրամփը խոստացել է ամերիկյան ժամանակով չորեքշաբթի առավոտյան հայտարարություն անել Իրանի հրթիռային հարձակման արդյունքների վերաբերյալ

10:07 • 08.01.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկյան ժամանակով չորեքշաբթի առավոտյան հայտարարություն անել Իրանի հարձակման արդյունքների վերաբերյալ, գրում է NBC news-ը:

«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվը և վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան»,-ամերիկյան ժամանակով երեքշաբթի երեկոյան` հայկական ժամանակով այսօր Twitter-ում գրել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել: