Ավստրալիայում մտադիր են շուրջ 10,000 ուղտ վերացնել. կենդանիները վտանգ են ներկայացնում բնակիչների համար. CNN
Ավստրալիայի երաշտի ենթարկվող շրջանում՝ Հարավային Ավստրալիայում, իշխանությունները շուրջ 10,000 ուղտի կարող են վերացնել, քանի որ բազմաթիվ բողոքներ են ստացվում, որ ծարավ կենդանիները ջուր որոնելիս վտանգում են տեղի բնակիչների կյանքը:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Հարավային Ավստրալիայի հեռավոր շրջանի պաշտոնյաները հավանության են արժանացրել կենդանիներին վերացնելու առաջարկը: Ուղտերի սպանդը նախատեսվում է սկսել չորեքշաբթի, և այն կարող է տևել 5 օր:
Տեղի կառավարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «ուղտերի և այլ վայրի կենդնաիների չափազանց մեծ խմբեր թափառում են բնակելի համայնքներում՝ ջուր որոնելով և վտանգում են տեղի բնակիչներին և ենթակառուցվածքները»:
Ինչպես նշվում է, արհեստավարժ կրակողների թիրախ կարող է դառնալ շուրջ 10,000 ուղտ:
Ինչպես երկրի մեծ մասը, Հարավային Ավստրալիայի շրջանը ևս շաբաթներ շարունակ գտնվում է բարձր ջերմաստիճանի ազդեցության գոտում:
Ավստրալիայի այս հեռավոր շրջանում շուրջ 2300 մարդ է բնակվում, իսկ ողջ երկրում, ըստ տարբեր գնահատականների, բնակվոում է ավելի քան մեկ միլիոն ուղտ:










